Դեպի Գառնի, Հավուց թառ

Մենք դասարանցիներով պատրաստվում ենք գնալ Գառնի,  Հավուց թառ: Ներկայացնում եմ մի քանի տեղեկություններ.

Հավուց թառը Հայաստանի հնագույն վանքերից է, որի հիմնադրումն այս վանքի եկեղեցական ավանդությունը կապում է սուրբ Սահակ Պարթև (348- 439 թթ.) կաթողիկոսի և սուրբ Մեսրոպ Մաշտոցի (360-440 թթ.) անվան հետ։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: 13-րդ դարից Հավուց թառը դառնում է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Այստեղ գործող դպրոցն ուներ երաժշտական ուղղություն, գործում էր երգչախումբ։ Այն նաև խոշոր գրչության կենտրոն էր։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը թվագրվում է 1214 թ.-ով։ 17-րդ դարում Հավուց թառի վանահայր առաջնորդները համարվել են նաև Երևան քաղաքի հոգևոր առաջնորդները: Հավուց թառը 1679 թ. երկրաշարժից շատ է վնասվել, իսկ 1840թ. Ակոռիի երկրաշարժից հիմնահատակ ավերվել։

Վանքը վերևից նկարված:
Անվան ստուգաբանության հետ կապված առաջ են քաշվում մի քանի տեսություններ: Համաձայն դրանցից մեկի Հավուց թառ տեղանունը, գոյություն է ունեցել վանքի հիմնումից շատ ավելի առաջ: Թավ կանաչով ծածկված գեղատեսիլ բլուրները, որոնց վրա կառուցվել է վանքը, կարող էին հնուց կոչված լինել Հավուց թառ, իբրև հավքերի բնակատեղի:
Մեկ այլ մեկնաբանությամբ «հաւ» բառը կիրառում է պապ, նախահայր նշանակությամբ, որով «Հավուց թառը» ստուգաբանվում է Պապոնց կամ Մեծ հայրերի` այսինքն Սահակի և Մեսրոպի օթևան, իսկ Ղ. Ալիշանի կարծիքով «Հավուց» բառը հավանաբար «Հայոց» բառի հետ է կապված եղել:
Համալիրը բաղկացած է իրարից 100, 200 և անգամ 500 մետր հեռու գտնվող երկու հիմնական և հարակից հուշարձանախմբերից:
Առաջին հուշարձանախումբը գլխավորը պարիսպներով շրջափակված հատվածն է: Հնագույն եկեղեցու ավերակներն անհետացել են գետնի երեսից: Պահպանվել է միայն Քեղվա բերդի Գևորգ իշխանի կառուցած Կաթողիկեի հարավային պատը:
Երկրորդ` արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին (XIIIդ.) կառուցված է սրբատաշ կարմրավուն տուֆից, գտնվում է բլրի վրա: Անունը ստույգ հայտնի չէ, գրականության մեջ սովորաբար կոչվում է «Բլրի եկեղեցի»: Բազմագունության սկզբունքով շարված պատերը հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթը և ծածկը։
Երրորդ հուշարձանախմբից կիսականգուն է 1213 թ. կառուցված Ս.Կարապետ մատուռը, իսկ շուրջը կան խաչքարեր ու տապանաքարեր:
Վանքային համալիրը ներկայումս գտնվում է ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո, սակայն բավական անտեսված վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի:
Նյութը պատրաստելիս օգտվեցինք`
Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան, Երևան 2015
Կարեն Մաթևոսյան, «Հավուց Թառի վանքը», Երևան 2012
Նազիկ Խանջյան, «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները», Երևան 2004:
Նյութը պատրաստել է #ԿանչԱրշավական Ջեմմա Համբարձումյանը:

Оставьте комментарий